ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ (#4653)

Ո՜վ Դու, Ում փորձությունները զուտ բուժական միջոցներ են նրանց համար, ովքեր մոտ են Քեզ, Ում թուրը բոլոր Քեզ սիրողների բուռն ցանկությունն է, Ում նետը Քեզ կարոտող սրտերի ամենանվիրական երազանքն է, Ում կամքը Քո ճշմարտությունը ճանաչողների միակ հույսն է: Աղերսում եմ Քեզ Քո Աստվածային քաղցրությամբ ու Քո դեմքի փառքի շքեղությամբ` ի վերուստ առաքիր մեզ Քո երկնային կացարանից այն, ինչ մեզ թույլ կտա մոտենալ Քեզ: Ուրեմն, ամրապնդիր մեր ոտքերը, ո՜վ իմ Աստված, Քո Գործում, լուսավորիր մեր սրտերը Քո գիտելիքի փայլով և լուսավորիր մեր հոգիները Քո անունների լույսով:

-Bahá'u'lláh
-----------------------

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ (#4654)

Փառք Քեզ, ո՜վ Տեր իմ Աստված: Ամեն մի խորաթափանց մարդ խոստովանում է Քո տիրապետությունը և Քո տիրակալությունը, և ամեն մի խորաթափանց հայացք զանազանում է Քո մեծության վեհությունը և Քո զորավորության հնազանդեցնող ուժը: Փորձությունների քամիներն անկարող են խանգարել նրանց, ովքեր Քեզ հետ մտերմություն են ձեռք բերել, շրջել իրենց դեմքերը դեպի Քո փառքի երկնակամարը, և հրապուրանքների փոթորիկները չեն կարող խոչընդոտել նրանց, ովքեր ամբողջությամբ նվիրված են Քեզ, հասնել Քո արքունիքին:
	Ինձ թվում է` Քո հանդեպ սիրո լուսատուն փայլում է նրանց սրտերում և Քո քնքշության բոցը վառվում է նրանց կրծքում: Աղետներն ի զորու չեն հեռացնել նրանց Քո Գործից ու ճակատագրի անակնկալները երբեք չեն ստիպի նրանց թեքվել Քեզ հաճելիից:
	Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, նրանցով ու այն շնչերով, որ արձակում են նրանց սրտերը Քեզ հետ բաժանված` պահպանիր նրանց Քո թշնամիների խարդավանքներից և սնուցիր նրանց հոգիներն այն բանով, ինչ նշանակել ես Դու Քո սիրեցյալների համար, ում չի համակի վախը և ովքեր չեն ընկղմվի տխրության մեջ:

-Bahá'u'lláh
-----------------------

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ (#4655)

Դու իսկությամբ գիտես, ո՜վ իմ Աստված, որ ինձ վրա բոլոր կողմերից թափվել են վշտեր և ոչ ոք, Քեզանից բացի, ի զորու չէ ցրել կամ հաղթահարել դրանք: Քո հանդեպ իմ սիրո շնորհիվ ես իսկությամբ գիտեմ` Դու երբեք թույլ չես տա, որ դժբախտությունները հաղթեն մարդուն, եթե միայն դու մտադրված չես բարձրացնել նրա դիրքը Քո երկնային Դրախտում և ամրապնդել նրա սիրտն այս երկրային կյանքում`պաշտպանելով նրան Քո ամենահաղթ հզորությամբ, որպեսզի նա չհակվի այս աշխարհի ունայնությանը: Հիրավի, Քեզ հայտնի է, որ բոլոր հանգամանքներում ես ավելի շուտ կպահպանեմ Քո մասին հիշողությունը, քան թանկ կգնահատեմ տիրանալն այն ամենին, ինչ կա երկնքում ու երկրի վրա:
	Ամրապնդիր իմ սիրտը, ո՜վ իմ Աստված, Քեզ հնազանդեցման ու Քո հանդեպ սիրո մեջ ու արժանացրու ինձ հեռու մնալ Քո թշնամիների բազմությունից: Հիրավի, Քո փառքով եմ երդվում, որ Քեզանից բացի ոչ ոքի չեմ ձգտում ես, ոչինչ չեմ ցանկանում, բացի Քո ողորմածությունից և ոչինչ չեմ ընդունում, բացառությամբ Քո արդարության: Աղերսում եմ Քեզ` ներել ինձ ու նրանց, ում Դու սիրում ես, եթե լինի Քո կամքը: Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենաառատաձեռն:
	Անչափ բարձրացված ես Դու, ո՜վ երկնքների ու երկրի Տեր, բոլոր մարդկանց գովքից: Թող աշխարհը կենա Քո հավատարիմ ծառաների հետ, իսկ փառքը թող մնա Աստծու` բոլոր աշխարհների Տիրոջ հետ:

-The Báb
-----------------------

